2 Samuel 14
1 Շարուհիի որդի Հովաբն իմացել էր, որ արքայի սիրտը վերստին տաքացել է Աբեսաղոմի հանդեպ։
2 Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
3 Կգաս արքայի մոտ և նրա հետ այսպես կխոսես»։ Եվ Հովաբը նրան հայտնեց այն, ինչ պետք է ասեր։
4 Թեկուացի կինը մտավ արքայի մոտ, երեսնիվայր գետնին խոնարհվեց և ասաց. «Փրկի՛ր ինձ, արքա՛, փրկի՛ր»։
5 Արքան ասաց նրան. «Ի՞նչ է եղել քեզ»։ Նա ասաց. «Ես մեծ տագնապի մեջ եմ։ Մի այրի կին եմ ես, ամուսինս մահացել է։
6 Քո աղախինը երկու որդի ուներ։ Երկուսը դաշտում կռվեցին, ու ոչ ոք չբաժանեց նրանց, և եղբայրներից մեկը մյուսին խփեց ու սպանեց։
7 Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ՝ ասելով. “Իր եղբորը սպանողին հանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբոր արյան փոխարեն և քո ժառանգորդին վերացնենք”։ Նրանք ուզում են հանգցնել իմ հույսի մնացած կայծը՝ իմ մարդու համար չթողնելով ո՛չ հետնորդ, ո՛չ էլ անուն երկրի երեսին»։
8 Արքան ասաց. «Ողջությամբ գնա՛ քո տունը, և ես կկարգադրեմ քո հարցը»։
9 Թեկուացի կինն ասաց. «Թող ինձ վրա, արքա՛, և իմ տան վրա լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն»։
10 Արքան ասաց. «Ո՞վ է քեզ հետ խոսելու։ Նրան ինձ մո՛տ բեր, և նա այլևս քեզ չի մոտենա»։
11 Կինն ասաց. «Թող արքան հիշի Տիրոջը՝ իր Աստծուն, որ չշատանան վրեժի համար արյուն թափողները և իմ որդուն չսպանեն»։ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը. քո որդու գլխից մի մազ անգամ գետնին չի ընկնի»։
12 Կինն ասաց. «Թո՛ւյլ տուր, որ քո աղախինը մի խոսք ասի իր տեր արքային»։ Արքան ասաց. «Խոսի՛ր»։
13 Կինն ասաց. «Ինչո՞ւ այդպիսի բան ես մտածում Աստծու ժողովրդի մասին, կամ թե արքայի՞ բերանից ելավ այն վնասաբեր խոսքը, որ արքան չվերադարձնի իրենից հեռացվածին,
14 որ նա մեռնի և, ինչպես գետնին թափված ջուրը, այլևս չհավաքվի, Աստված նրա հոգին չառնի, և որևէ մեկը չմտածի իրենից հեռացնել հեռացվածին։
15 Արդ, եկել եմ իմ տեր արքային ասելու այս խոսքերը, որպեսզի, երբ ժողովուրդն ինձ տեսնի, ասի. “Քո աղախինը խոսել է արքայի հետ, թերևս արքան իր աղախնի խոսքը կատարի”։
16 Քանզի արքան պետք է լսի ու ինձ փրկի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն Աստծու ժառանգությունից զրկել»։
17 Եվ կինն ասաց. «Թող իմ տեր արքայի խոսքը բարով կատարվի, քանի որ իմ տեր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, և թող Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ լինի»։
18 Արքան պատասխանեց և ասաց կնոջը. «Ինձանից մի՛ թաքցրու այն, ինչ քեզանից հարցնելու եմ»։ Կինն ասաց. «Ասա՛, տե՛ր իմ արքա»։
19 Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խոսքերի մեջ արդյո՞ք Հովաբի մատը չկա»։ Կինն ասաց արքային. «Երդվում եմ քո անձով, տե՛ր իմ արքա, որ ոչ ոք աջ կամ ձախ չի խոտորվի այն ամենից, որ ասաց իմ տեր արքան. քո ծառա Հովաբն ինքն է ինձ պատվիրել և նա է քո աղախնի բերանը դրել այս խոսքերը, որ ասում եմ։
20 Այս խոսքի ձևը փոխելու նպատակով է քո ծառա Հովաբն արել այս բանը։ Իմ տեր արքան իմաստուն է Աստծու հրեշտակի պես և գիտի երկրի վրա եղած ամեն բան»։
21 Արքան գնաց և ասաց Հովաբին. «Ահավասիկ անում եմ ըստ քո ասածի. գնա հե՛տ դարձրու, բե՛ր պատանի Աբեսաղոմին»։
22 Հովաբը երեսնիվայր գետնին ընկնելով՝ երկրպագեց արքային, օրհնեց նրան։ Հովաբն ասաց. «Այսօր քո ծառան իմացավ, որ շնորհ է գտել քո աչքում, տե՛ր իմ արքա, քանի որ իմ տեր արքան իր ծառայի ասածը կատարեց»։
23 Հովաբը ելավ գնաց Գեսուր և Աբեսաղոմին բերեց Երուսաղեմ։
24 Արքան ասաց. «Թող իր տուն վերադառնա և իմ երեսը չտեսնի»։ Աբեսաղոմն իր տուն վերադարձավ և արքայի աչքին չերևաց։
25 Ամբողջ Իսրայելի մեջ Աբեսաղոմի պես գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչև գլուխը նա ոչ մի արատ չուներ։
26 Երբ իր գլխի մազերը կտրում էր,- իսկ նա ամեն տարվա սկզբին էր կտրում, քանի որ մազերը խիստ ծանրանում էին նրա վրա,- այդ կտրած մազերը կշռում էին երկու հարյուր սիկղ՝ ըստ արքունական կշռի։
27 Աբեսաղոմն ունեցավ երեք տղա և մեկ աղջիկ, որի անունը Թամար դրեց։ Նա տեսքով շատ գեղեցիկ կին էր և դառնալով Սողոմոնի որդի Ռոբովամի կինը՝ նրա համար ծնեց Աբիային։
28 Աբեսաղոմը երկու ամիս [𝕸 և Ο΄ տարի ] մնաց Երուսաղեմում, բայց արքայի աչքին չերևաց։
29 Աբեսաղոմը մարդ ուղարկեց Հովաբի մոտ, որ նրան արքայի մոտ ուղարկի, բայց Հովաբը չուզեց նրա մոտ գնալ։ Երկրորդ անգամ Աբեսաղոմը լուր ուղարկեց, և նա դարձյալ չուզեց գնալ։
30 Աբեսաղոմն իր ծառաներին ասաց. «Տեսե՛ք, իմ արտի մոտ գտնվող Հովաբի արտը լի է գարիով, գնացե՛ք և հրկիզե՛ք այն»։ Աբեսաղոմի ծառաներն այրեցին Հովաբի արտը։ Հովաբի ծառաները եկան նրա մոտ պատառոտված հագուստներով և ասացին. «Աբեսաղոմի ծառաները քո արտն այրեցին»։
31 Հովաբը ելավ եկավ Աբեսաղոմի տունը և ասաց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները հրկիզել իմ արտը»։
32 Աբեսաղոմն ասաց Հովաբին. «Ես քեզ մոտ մարդ էի ուղարկել, թե՝ “Ե՛կ այստեղ, որ քեզ ուղարկեմ արքայի մոտ՝ ասելու համար, թե ես ինչո՞ւ եկա Գեսուրից, քանի որ ավելի լավ էր, որ դեռ այնտեղ մնայի, քան թե արքայի երեսը չտեսնեի։ Եթե որևէ հանցանք ունեմ, սպանի՛ր ինձ”»։
33 Հովաբը մտավ արքայի մոտ և նրան հաղորդեց նրա ասածը։ Արքան կանչեց Աբեսաղոմին, որը մտավ արքայի մոտ, երեսնիվայր գետնին ընկավ արքայի առաջ ու երկրպագեց նրան, և արքան համբուրեց Աբեսաղոմին։